ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Նրանք չգնացին Տեր¬Պետրոսյանի հետևից, նրանք Քոչարյանից գնացին»

 «Նրանք չգնացին Տեր¬Պետրոսյանի հետևից, նրանք Քոչարյանից գնացին»
06.06.2008 | 00:00

Ճանաչված դերասան, «Այբբենարան» նախագծի հեղինակ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԻ հետ զրույցը սկիզբ առավ թատրոնից, պտտվեց թատերաշխարհում ենթադրելի «հեղաշրջումների» շուրջ և շարունակվեց բեմից ու թատրոնից այն կողմ։

«ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ` ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ՓՈՐՁԸ ՁԱԽՈՂՎԵՑ»

¬Որքան ինձ է հայտնի, ինչ¬ինչ վիճահարույց խնդիրներ են ծագել Հրանտ Թոխատյանի և թատերական գործիչների միության միջև։ Ի՞նչ հիմքի վրա կառուցվեց «բարիկադը»։

¬1981¬ից միության անդամ եմ, և իմ ու միության միջև բարիկադ չկա, չի էլ կարող լինել։ Կարող են լինել տարբեր հայացքներ արդի թատրոնի շուրջ։ Ես ներկայացնում եմ նոր մոտեցում՝ անտրեպրիզային թատրոն, որն ունի կյանքի իրավունք մեր իրականությունում, ինչպես որ ունի ամբողջ աշխարհում։ Մեր խումբն արդիականի հետևորդն է, մոբիլ է, արագ ձևավորվող, իր ասելիքն ունեցող, հետևաբար, իր գոյության իրավունքն ունի ավանդական թատրոնին զուգընթաց։

¬Անտրեպրիզային թատրոն։ Ի՞նչ է թաքնված անվանման ներքո։

¬Երբ մի պիեսի, առհասարակ մեկ մտքի շուրջ խումբ է ձևավորվում՝ տարբեր թատրոններ ներկայացնող կամ ազատ դերասաններից կազմված, որևէ նախագիծ ներկայացնում, իրականացնում այն և... հրաժեշտ տալիս տվյալ բեմին։ Սա հնարավորություն է ընձեռում որոշակի ներդրումներ կատարել ներկայացման մեջ դերասաններին սովորականից ավելի բարձր վարձատրել, ճկուն լինել հյուրախաղերի հարցում և այլն։ Անտրեպրիզային թատրոնը սովորաբար չունի գեղարվեստական ղեկավար, այն գործում է պրոդյուսերական կենտրոնի ղեկավարմամբ։ Մեր խմբի պրոդյուսերն է Արմեն Համբարձումյանը։

¬Ինչ¬որ սկզբունքի շուրջ եք, իհարկե, գործում։

¬Մեր սկզբունքն է՝ պետթատրոնից բացի անհրաժեշտ է ձևավորել ազատ բեմի հասկացությունը, որը մատչելի է բոլորի համար։ Մեր խմբի բեմականացումների ցանկը համեմատաբար սուղ է, քանի որ փորձերի համար հիմնական բեմ չունենք։ Փորձել տարբեր թատրոնների բեմեր նպատակահարմար չէ ֆինանսական տեսանկյունից. խիստ կբարձրանա ներկայացման ինքնարժեքը։

Իսկ ազատ բեմի հետ կարող ենք երկարաժամկետ պայմանագիր կնքել և գործել նպատակային ու անկաշկանդ։

¬Փաստորեն, հրապարակում խնդիր կա, որը լուծում է պահանջում։ Համենայն դեպս, Ձեր թատերախմբի գործունեությունը հիմնավորում է անտրեպրիզ¬թատրոնի գոյության իրավունքը։ Ո՞վ պետք է հանդես գա աջակցողի, նախաձեռնողի, կարգավորողի դերում։

¬Կառավարությունը։ Թատերական գործիչների միությունն ի զորու չէ նման խնդիր լուծել, բացի այդ, միությունն ունի իր շահերն ու ծրագրերը և, բնականաբար, դրանց կարգավորմամբ է զբաղված։ Այլ խնդիր է, որ ժամանակին ԹԳՄ¬ն չէր ընդունում մեր տեսակը։ Սակայն եկավ ժամանակը, երբ հավասարը հավասարի պես մեկ սեղանի շուրջ ենք նստում, բանավիճում և տարբեր հարցեր քննարկում։ Ի վերջո, ավանդական թատրոնն ու անտրեպրիզները զուգահեռ են գործում։

¬Ձեր թատերախումբը կարծես թե եզակի չէ։

¬Բարեբախտաբար՝ ո՛չ։ Գործում է Վարդան Պետրոսյանի խումբը, ժամանակ առաջ Միքայել Պողոսյանի թատերախումբը հանդես եկավ «Բարի գալուստ» ներկայացմամբ, նմանատիպ թատերախմբեր են մեկտեղում Ռաֆայել Քոթանջյանն ու Աշոտ Ադամյանը և այլն։ Մենք կոմերցիոն թատրոնն ենք կյանքի կոչում՝ մեր միջոցներով, մեր նախաձեռնությամբ։ Դասական կամ ավանդական թատրոնները, Սունդուկյանը, տիկնիկայինը, մնջախաղի թատրոնը և այլն, անկասկած, պետք է գործեն պետական հովանու ներքո՝ շարունակելով ազգային թատրոնի ավանդույթները։

¬Ազատ բեմ. այս ուղղությամբ ի՞նչ է ուրվագծվում։

¬Ազատ է Կամերային երաժշտական թատրոնի բեմը, սակայն շենքը փոքր է և անհրապույր։

¬Անտրեպրիզ¬թատրոնն, այսպիսով, սահմանափակվա՞ծ է իր գործունեութան մեջ։

¬Բնավ։ Մենք մեզ բավականաչափ կոմֆորտային վիճակում ենք զգում, վարձակալում ենք ցանկացած բեմ։ Պարզապես նման շենքը հնարավորություն կտա ավելի շատ բեմադրվել, ավելի լուրջ գումարներ մուծել պետբյուջե, ավելի լավ վարձատրել դերասանին ու բեմադրիչին։


«ՆԵՐԿԱ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԻՐՔ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԿՆԴՐՈՒՄ։ ԲԱՅՑ ՈՐՔԱՆՈ՞Վ ԿԱՄԱՅԻՆ ԿԼԻՆԻ...»

¬Այժմ մոտենանք խորագրի առանցքին։ Ըստ Ձեր դիտարկումների՝ ինչպիսի՞ն է իրավիճակը մարտյան իրադարձություններից հետո։

¬Շատ ծանր։ Եթե նախկինում հնարավոր էր մեկմեկու հետ լեզու գտնել, այսօր դա անհնար է։ Իրավիճակը ստեղծվեց արհեստականորեն և արհեստական ձևով էլ պահպանվում է։

¬Դեռ որքա՞ն է այն պահպանվելու։

¬Փոփոխությունների ակնկալիքներ կան, դրական ու լուրջ փոփոխությունների։ Ներկա վարչապետն ունի փայլուն մասնագիտական կրթություն, նաև գիրք է կարդում և երաժշտություն ունկնդրում։ Սակայն որքանո՞վ նա կամային կլինի, այլ հարց է։

¬Ասացիք, որ իրավիճակն արհեստածին է։

¬Դրա վրա բավական ուժ ու եռանդ ծախսվեց, քանզի քանդվեց 88¬ի համազգային միասնության բռունցքը, անկախության գաղափարի շուրջ միավորված ամենատարբեր մարդկանց բռունցքը։ 92-93¬ին արդեն չկար բռունցքը, անկախության թեմայի շուրջ արդեն չէին էլ բանավիճում։ Սակայն, ի պատիվ մեր ժողովրդի, նա կարողացավ տանել այդ դաժան բեռը, քաջ գիտակցելով, որ ամեն բան ծառայում է պատերազմի հաղթական ելքին։ Մութը, սովն ու ցուրտը մենք տոկունությամբ հաղթահարեցինք` թույլ չտալով զանգվածային բռնկումներ ու հուզումներ։ Եվ ամենակարևորը՝ դարերով սպասված անկախության պայքարում հաղթանակ տոնած ժողովուրդը պատերազմի ավարտից հետո արժանի վերածնունդ չապրեց, հաստատվեց հոռետեսությունը, թերահավատությունն իշխանության, առհասարակ վաղվա օրվա հանդեպ։ Ես չգիտեմ, թե որքան ուժ ու եռանդ ներդրվեց այս ամենին հասնելու համար։ 96¬ին էլ ինչ¬որ բան արթնացել էր, պատրաստ էր ժայթքման, սակայն խեղդամահ արվեց...

¬Մարտյան իրադարձությունները ժայթքման փո՞րձ էին։

¬Որքան էլ փորձել եմ վերլուծել Տեր¬Պետրոսյանի քայլերը, չեմ հասկացել ու չեմ հասկանում նրան՝ ինչ էր նա ցանկանում ու ինչի էր ձգտում։ Անգամ որևէ ծրագիր չներկայացվեց, լավատեսական ոչինչ չասվեց։

¬Այնուամենայնիվ, առնվազն 350 հազար մարդ շարժվեց նրա հետևից։ Նրանք լավատեսական ինչ¬ինչ բաներ հավանաբար տեսնում էին։

¬Նրանք չգնացին Տեր¬Պետրոսյանի հետևից, նրանք Քոչարյանից գնացին։ ՈՒ եթե, Աստված մի արասցե, 10 տարի անց գնան Քոչարյանի հետևից ընդդեմ Ս. Սարգսյանի... Այսօր Դուք կասեք, դա անհնար է։ Բայց 98¬ին դժվար թե գտնվեր մեկը, ով կհավատար, որ Տեր¬Պետրոսյանին 300 հազար մարդ կաջակցի։ Գեթ մեկը եկա՞վ նրա հրաժարականի պահին, որ դեմ կանգներ ու ասեր, Լևո՛ն, մի հեռացիր, փորձենք միասին երկիր կառուցել։ Այնուամենայնիվ, փորձենք։

¬Առհասարակ խնդիրն ավելի խորքային է և, ըստ իս, աղերսներ է փնտրում հայ պետական այրերի կերպարի կորստյան երևույթի հետ։ ԽՍՀՄ փլուզման շրջափուլում Տեր¬Պետրոսյանն անվերապահորեն ամենաուշագրավ քաղաքական դեմքն էր, իր շրջահայացությամբ, մտավոր էներգիայով և այլն։ Նա իր ձեռքը վերցրեց պետական կառույցի կառավարման երասաններն ու մեկեն... ամեն բան շեղվեց իր առանցքից։ Գուցե պետական մեքենան ղեկավարելու փորձի չգոյությո՞ւնն էր պատճառը։ Սակայն Քոչարյանը որոշակի փորձաշրջան անցնելով՝ դարձավ երկրի նախագահ։ Ե՞վ...

¬Եթե ինձ հարց տաք՝ ի՞նչ փոխվեց երկրում Տեր¬Պետրոսյանից հետո, կպատասխանեմ՝ փոխվեցին նախագահները։ Համակարգը որևէ փոփոխության չենթարկվեց։ Ընդամենը փորձեր արվեցին մտավոր ներուժ պարունակող կառավարություններ ձևավորել Արմեն Դարբինյանի և Արմեն Սարգսյանի ղեկավարությամբ, սակայն այդ փորձերն ուղղակի ձախողվեցին, արմատախիլ արվեցին՝ դեռ ծիլ չտված։ Այսինքն՝ իշխանություն ունեցող մեր մտավորականները ճզմեցին իրենց կոլեգաներին։ Սակայն չեմ կարող չնշել, որ Քոչարյանի օրոք ինչ¬որ աշխուժացում ապրեցին սպորտը, մշակույթը, թատրոնը։

¬Չհամաձայնել չեմ կարող։ Բայց՝ ուշագրավ մի հանգամանք. մարզաշխարհը ժամանակի մեծահարուստների տնօրինությանը հանձնվեց, որոնք այսօր էլ, բնականաբար, իրենց պահանջներն են ներկայացնում հանձնողին՝ ի դեմս պետության։

¬Մենք ունենք մեծահարուստներ, սակայն չունենք մեկենասներ։ Մեծահարուստը ինձնից և ձեզնից տարած փողը այդ ճանապարհով մեզ է վերադարձնում։

¬Մինչ օրս չունենք մեկենասության մասին օրենք։

¬Որովհետև չունենք մեկենասներ։ Նրանց առկայության պարագայում օրենքն ինքնաբերաբար ի հայտ կգա։

«ՆԵՐԿԱ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԿԱՅԱՑԱՎ։ ՄԵՆՔ ԱՅՆ ԿՈՐՑՐԻՆՔ»

¬Մի փոքր հեռանանք քաղաքականությունից։ Ձեր թատերախմբի հանրահայտ ներկայացումներում՝ «Խաթաբալադայում» և «Մեա կուլպայում», հումորի ու սատիրայի իսկական հրավառություն է, մեր իրականության մեկնությունը՝ ճշմարիտ ու առանց սեթևեթանքի։ Սակայն հեռուստաէկրանից ուղղակի հորդում է կենցաղային մակարդակի ամենացածր աստիճանի վրա հանգրվանած հումորը, հաճախ գռեհիկ նատուրալիզմով լի։

¬Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ հումորն է։ Սակայն առկա է սերնդի խնդիրը, և ես չեմ կարող «32 ատամի» տղաներից նույն հումորային մշակույթը պահանջել, ինչը ես ու իմ ընկերներն ենք մատուցում, քանի որ իմ բազան շատ ավելի հզոր է, այն ձևավորվել է խորհրդային տարիների ռուսական և հայկական հումորի բազայի վրա, ավանդույթների վրա։ Սերունդը որպես անհատ, որպես քաղաքացի չձևավորվեց, մենք այն կորցրինք։ Բայց այսօրվա 17-20 տարեկանները հույս են ներշնչում։ Սա ասում եմ՝ ծանոթ լինելով նոր սերնդի, նոր¬նոր ասպարեզ ելնողների փորձերին։ Ես նշել եմ երիտասարդ ու հոյակապ մի ռեժիսորի անուն՝ Վահան Բադալյան, ով դարձյալ երիտասարդ, շնորհալի մի թատերախումբ ունի։ Այլ կերպ ասած, վաղվա օրվա հանդեպ տագնապ չունեմ, տագնապալի է ներկան։

¬Հայկական հեռուստաէկրանը, ըստ իս, ավելի ու ավելի գրոհային է դառնում։ Հումորային բումին հաջորդել է սերիալային բումը։ Գուցե այս ամենում վառ արտահայտված է մեր իշխանությունների ճաշա՞կը։

¬Առհասարակ Հայաստանում ամեն բանի քանակային չափազանցություն է։ Այնուամենայնիվ, չունենք պրոֆեսիոնալ հեռուստաընկերություն՝ իր պրոֆեսիոնալ ղեկավար կազմով։ Բայց ինչո՞ւ ենք պահանջներ ներկայացնում հեռուստատեսությանը, երբ երկիրը չունի ոչ ազգային ծրագիր, ոչ գաղափարախոսություն։ Երեք¬չորս հեռուստաընկերությունը (այս թվում մանկականն ու մշակութայինը) մեզ լիուլի հերիք են։ Այնտեղ մեծ գումարներ կներդրվեին, և արդյունքը բավարար կլիներ։ Կարծում եմ` կբավարարեն նաև 3-4 կուսակցությունը։

¬Հեռուստաէկրանին ի՞նչ ձևաչափով կցանկանար «երևակվել» սիրված արտիստ Թոխատյանը։

¬Ես սկսեցի «Հայկական տարբերակ»` ինձ համար շա՜տ սիրելի հաղորդաշար։ Սակայն այն փակվեց գումարի սղության պատճառով։ Ավելի ճշգրիտ, Արմենի հետ ավելի նպատակահարմար գտանք գումարները ներդնել թատրոնում։ Բայց սխալ էր։ ՈՒ ես ինձ իրավունք չեմ վերապահում մեղադրել որևէ մեկին, երբ ինքս հեռացա հեռուստատեսությունից։


«ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

¬Վերադառնանք քաղաքական եզերք։ Տվեք ձեզ այն հարցը, որն առայժմ չտրվեց։

¬Ինձ հաճախ են հարցրել, և Դուք էլ հարցրեք՝ ինչո՞ւ ընտրեցիք Սերժ Սարգսյանին։

¬Հարցնում եմ. տրվեց՝ ինչո՞ւ ՀՀ քաղաքացի Հրանտ Թոխատյանն իր ձայնը բաշխեց Սերժ Սարգսյանին և ոչ այլ մեկին։ Օրինակ՝ Գեղամյան Արտաշեսին։

-Ի սկզբանե գործեց հակադարձման սկզբունքը, միայն չվերադառնա լևոնիզմը։ Այնուհետև նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ես և մյուս մասնակիցները մեր ուղղած հարցերին ստացանք խելացի պատասխաններ։ Նաև խոստումներ։ Նա ասաց՝ և՛ սա, և՛ սա իրականացնելու եմ։ Ասաց որպես տղամարդ, ասաց որպես պետական այր։

-Իրականացումը Ձեզ համար տեսանելի՞ է։

-Հիմնականում` այո։ Եվ շարունակությունը, կարծում եմ, սպասեցնել չի տա։

-Ասում են՝ նախագահը հավակնոտ կառավարություն է ձևավորել հավակնոտ ռեֆորմներով։ Համամի՞տ եք։

-Ես էլ Ձեզ հարցնեմ. ի՞նչ եք կարծում, ռեֆորմները շինծո՞ւ են։

-Այս պահին, կարծում եմ, ոչ։ Սակայն չէ՞ որ ճտերն աշնանն են հաշվում։

-Թույլ տվեք ինձ էլ միանալ Ձեզ և ասել՝ ահա երկու հասուն տղամարդ զրուցում են և գոնե անվերապահորեն թերահավատ չեն ներկա գործընթացների հանդեպ։ Մենք առհասարակ այն սերունդն ենք ներկայացնում, որը հասակ է առել Երևանում և քաջ գիտե, թե ով ով է։ Նույն Լևոն Տեր¬Պետրոսյանի թևում կան մարդիկ, որոնց պոտենցիալ հնարավորությունները շատ բարձր եմ գնահատում։

-Օրինա՞կ։

-Արամ Մանուկյան, Ալեքսանդր Արզումանյան, Աշոտ Մանուչարյան։ Որոնց գիտեմ դեռ ուսանողական տարիներից։

-Ձեր թույլտվությամբ իմ կողմից հաճույքով կավելացնեմ Վահագն Խաչատրյանին։ Եթե անկախության տարիներին մայրաքաղաքն ունեցել է քաղաքագլխի բարձր գիտակցությամբ ղեկավար, դա անվերապահորեն նա է։

-Արդյոք հնարավոր չէ՞ սեփական պատվամոլությունը մի կողմ թողնել և գոնե չխանգարել ռեֆորմների ընթացքին։ Ի վերջո, իմ և Ձեր նշած մարդկանց և մեր մտածողության, ծրագրերի միջև տարբերություն չկա։

-Ընդդիմության մասի՞ն ինչ կասեք։

-Ես գուցե մեր երկրի ամենաանգետ ներկայացուցիչն եմ ու որպես այդպիսին հարցնում եմ՝ սիրելի ժողովուրդ, ո՞րն է մեր երկրի նպատակը, ինչի՞ ենք ձգտում։ Էն զահրումար սովետը կոմունիզմի էր ձգտում, հասկանալի էր, մե՞նք ուր ենք ուղևորվում։ Բացի հայկական հարցին, որը գերիշխող է, և որի լուծմանն ենք անհամբեր սպասում, ուրիշ ի՞նչ գերխնդիր կա, որը մեզ պիտի միավորի։ Այսօր նախագահն ու հատկապես վարչապետը պետք է շատ կամային լինեն։ Գուցե դրանից մեր ձեռքերն ու ոտքերը մի քիչ կցավեն, սակայն դա բուժիչ ցավ է։ Մեզ պետք է միավորի Արցախի հերոսների թափած արյունը։ Մեզ պետք է միավորի նաև մարտի 1-ի անմեղ զոհերի արյունը։ Միավորի հանուն երկրի կառուցման և ապագայի։


Հարցազրույցը՝

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 7605

Մեկնաբանություններ